24/05/2018 13:01
Մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող 28 կազմակերպություններում ստուգումներ կիրականացվեն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ավարտին նշեց, որ հանձնարակական է տվել ստուգումներ անցկացնել մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող կազմակերպություններում: Նրա խոսքով` ստուգումներն իրականացվելու են 28 կազմակերպությունում:
Ն.Փաշինյանը նշեց, որ ստուգումները պետք է անցկացվեն՝ պարզելու համար շրջակա միջավայրին, պետական շահերին ու բնակչության առողջությանն ուղղված վտանգների հայտնաբերման ու վերացման համար:
Փաշինյանը հորդորեց հանրապետական գործադիր մարմիններին օժանդակել տեսչական մարմիններին ստուգումներ անցկացնելիս:
«Պետք է հանքարդյունաբերությունը համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և այստեղ երկրորդ տարբերակ ուղղակի չկա: Կարծում եմ, որ բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինն ու կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումները թափանցիկ լինեն, ընդգրկվեն մասնագետներ», - ասաց Փաշինյանը։
«Մենք չենք կարող ասել, որ ընդերքը փակում ենք և չենք օգտագործում, բայց չենք կարող թույլ տալ, որ այն լինի օրենսդրությանը չհամապատասխանող ձևով», - հավելեց ՀՀ վարչապետը։