24/05/2018 21:10
Ոստիկանությունում քննարկվել է ՃՈ տուգանքների խնդիրը. դա մարդասիրական քայլ է (Տեսանյութ)
Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցավ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների թեմայով հանրային քննարկում, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ճանապարհային ոստիկանության, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության, հասարակական կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչներ, նաև քաղաքացիներ։
Ոստիկանության պետի տեղակալն ընդգծել է, որ տեսա և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով իրականացվող վարչական պատասխանատվության քաղաքականության փոփոխության, տույժերի, տուգանքների համաներման հիմքում մարդասիրության սկզբունքն է՝ վարորդների վարչական բեռը թեթևացնելու նպատակով։
Հանրային քննարկման մասնակիցները ողջունել են ոստիկանության մոտեցումները՝ հույս հայտնելով, որ ոստիկանության որդեգրած նոր քաղաքականությունը վարորդների շրջանում չի հանգեցնի ամենաթողության, և չի վտանգվի ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հավաստել են, որ վարորդները կնախազգուշացվեն միայն նվազ վտանգավոր իրավախախտումների պարագայում, իսկ երթևեկության անվտանգությանը սպառնացող իրավախախտումների դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության։
Հովհաննես Քոչարյանը նշել է, որ ոստիկանությունը մտահոգ է մոտ ապագայում նախազգուշացումների քանակի վերաբերյալ տեխնիկական համակարգ ունենալու խնդրով։ Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ արվեց նաև ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող մի շարք այլ խնդիրների, որոնք կլուծվեն ոստիկանություն-հասարակություն, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկան-վարորդ ակտիվ համագործակցության արդյունքում։