24/05/2018 18:33
Հայաստանը պատվով կկատարի իր հանձնառությունը. Նախագահը հանդիպել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակության հետ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երկրի իշխանությունները մեծապես կարևորում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը, և հավաստիացրել է, որ Հայաստանը պատվով կկատարի իր հանձնառությունը:
Նա ասել է, որ այսօր արդեն քաղաքական ողջ գործընթացները տեղափոխվել են Ազգային ժողով, ձևավորվել է նոր կառավարություն, և ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: «Հայաստանը նույն հաստատակամությամբ շարունակում է նախապատրաստական աշխատանքները», - ընդգծել է երկրի ղեկավարը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել ՖՄԿ գլխավոր քարտուղարի շնորհավորանքները և բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ։
Անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենը նշել է, որ ժողովրդական գործընթացները լավագույնս հանգուցալուծվեցին և կարևորել է նախագահի դերն այդ գործում: Նա ասել է, որ առանց բռնությունների և արյունահեղության հայաստանյան փոփոխությունները ուսանելի կարող են լինել շատ երկրների, եւ հատկապես Ֆրանկոֆոնիայի տարածքի երկրների համար: