24/05/2018 18:17
Պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականը կալանավորվել է
Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Ա. Իսոյանը կալանավորվել է, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Ա.Իսոյանին (ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական)՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար»,-փոխանցեցին ՔԿ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևանի բնակիչ Ա.Իսոյանն է՝ ծնված՝ 1988թ.։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։