25/05/2018 16:20
Բոլոր հանքարդյունաբերական ընկերությունների համար պետք է լինեն հավասար մրցակցային դաշտ և հստակ չափանիշներ. Հայկ Ալոյան
Aysor.am-ի հարցազրույցը «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ:
- Մի քանի օր Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպել, փակելով Ամուլսար տանող ճանապարհները: Ի՞նչպես է ընկերությունը արձագանքել այդ ակցիաներին:
- Մի խումբ բնակիչներ, և ոչ ամբողջ համայնքը, մի քանի օր փակել էին հանքի շինհրապարակ տանող ճանապարհը: Մենք հարգում ենք բոլորի տեսակետները և արտահայտվելու իրավունքը: Ընկերությունը հանդիպել և զրուցել է բողոքի ակցիայի կազմակերպիչների հետ: Մարդկանց մի խումբն ունի որոշ դժգոհություններ, օրինակ՝ աշխատանք չունենալու հետ կապված խնդիրը, կամ վերջերս տեղի ունեցած ջրատար խողովակի վնասվելը: Նման օբյեկտիվ դժգոհությունները հասկանալի են: Կարելի է դրանց շուրջ ռացիոնալ լուծումներ գտնել: Սակայն բնակիչների մի խումբ կար, որն ակնհայտ նպատակ ուներ առանց որևէ ռացիոնալ պահանջի պարազապես ընդհատել երկրի ամենախոշոր միջազգային ներդրումային ծրագրի աշխատանքները, ինչը կարծում եմ, մեղմ ասած համահունչ չէ երկրի շահի հետ:
- Երկու օր առաջ Ամուլսարի ծրագիրի դեմ կառավարությանը ուղղված կոչով դիմեց նաև Ջերմուկի ավագանին:
- Ես կարծում եմ երկրի կառավարությանը նման կոչեր ուղղելիս պետք է լիարժեք գիտակցել դրա պատասխանատվությունը: Կարծում եմ, որ ավագանու անդամները և այլ անհատներ, որոնք երկար տարիներ Ջերմուկի, մարզի և երկրի տարբեր ղեկավար կառույցներում են եղել, հասկանում են նման կոչերի պատասխանատվությունը: Կարծում եմ, որ հստակ է այն գիտակցումը, որ միջազգային և հայաստանյան բնապահպանական և օրենսդրական բոլոր չափանիշներով բոլոր թույտվությունները ստացած և այդ չափանիշներին լիարժեք համապատասխանող խոշոր միջազգային ներդրողի հանդեպ չեն կարող կիրառվել չհիմնավորված և անիրավաչափ գործողություններ: Դա երկրի ներդրումային հեղինակության խնդիր է: Ուստի դժվար է հասկանալ նման անիրատեսական կոչեր հնչեցնելու իրական նպատակը:
- Ամուլսարի հետ կապված հիմնականում բնապահպանական մտահոգություններ են հնչեցվում: Վարչապետը երկու օր առաջ խոսեց հանքերում ստուգումներ անցկացնելու և հանքերի միջազգային չափանիշներին համապատասխանելու անհրաժեշտության մասին: Ամուլսարը պատրա՞ստ է նման այցերի:
- Մտահոգությունները և անվստահությունը հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ հասկանալի է և այդ առումով մենք ըմբռնումով ենք մոտենում քննադատությանը: Այդուհանդերձ պետք է ասեմ, որ Ամուլսարի հետ կապված մտահոգությունների մի զգալի մասը արհեստականորեն սրվել և շահարկվել է: Լիդիանն այս տարիների ընթացքում ցուցաբերել է աննախադեպ թափանիցկություն, արձագանքելով բոլոր հարցերին, ներկայացնելով բնահպանական կառավարման բոլոր այն ժամանակակից մոտեցումները, որ կիրառվում են Ամուլսարում: Միանշանակ կարող եմ վստահեցնել, որ Ամուլսարը հենց այն ծրագիրն է, որը նախագծվել է և այժմ կառուցվում է հենց այդ բարձր միջազգային չափանիշներին համապատախան: Այդ առումով մենք բաց ենք նման այցերի համար և վստահ ենք, որ Ամուլսարն իսկապես օրինակելի ծրագիր է: Միաժամանակ, կարծում եմ, որ վարչապետի հանձնարարականը լավ հնարավորություն է հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական չափանիշների կիրառման առումով հավասար դաշտ և պայմաններ ստեղծելու համար: Պետք է լինեն հստակ չափանիշներ բոլոր հանքարդյունաբերական ընկերությունների համար և հավասար մրցակցային դաշտ: Ընդ որում, ոչ միայն բնապահպանական կառավարման, այլև սոցիալական, տնտեսական ոլորտներում, թափանցիկության և հաշվետվողականության առումով: Կարծում եմ, որ նման մոտեցումը միայն կբարելավի ոլորտը ինչպես նաև ճիշտ ազդակ կուղարկի ներդրողներին: