25/05/2018 21:46
Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդես է տեղի ունեցել Բուխարեստում
Մայիսի 24-ին Ռումինիայի պատմության ազգային թանգարանում բացվեց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որը կազմակերպել էր Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ Ռումինիայի պատմության ազգային թանգարանի հետ համատեղ: Ցուցահանդեսը փոխկապակցված էր ևս մեկ հոբելյանի՝ Ռումինիայի Մեծ Միավորման 100-ամյակին, և կրում էր «100-ամյակ` Հայաստանի Հանրապետություն, Ռումինիա` Մեծ Միություն» խորագիրը` նպատակ ունենալով նաև հարգանքի տուրք մատուցել այն հայորդիների հիշատակին, ովքեր պայքարել էին հանուն Հայաստանի անկախության, ինչպես նաև, Առաջին աշխարհամարտի տարիներին ռումինական բանակի կազմում՝ հանուն Ռումինիայի անկախության և միավորման:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած իր ելույթում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնավորապես ասաց. «Այսօր մենք բացում ենք եզակի մի ցուցահանդես, որը նվիրված է հայ ժողովրդի և հայոց պետականության համար նշանաձողային իրադարձությանը` 1918թ. մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին: Խորհրդանշական է, որ այս տարի Ռումինիան նույնպես նշում է իր պատմության կարևորագույն իրադարձության` Ռումինիաի Մեծ Միավորման 100-ամյակը»:
Իր խոսքում ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Ռումինիան առաջին երկրներից էր, որ պաշտոնապես, պետական մակարդակով ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներին ու որբերին, ապա և, Հայաստանի առաջին Հանրապետության անկմանը հաջորդած տարիներին, Ռումինիա եկած ներգաղթյալներին, պետական-քաղաքական և ռազմական ականավոր գործիչներին:
Անդրադառնալով Հայաստանի առաջին Հանրապետության և Ռումինիայի դիվանագիտական կապերին, դեսպան Մինասյանը շեշտեց, որ ցուցահանդեսի հազվագյուտ ցուցանմուշների շարքում են Բուխարեստում Հայաստանի Հանրապետության հյուպատոսության զինանշանով վահանակի բնօրինակը, հայ գաղթականներին տրված ինքնության վկայագրերի բնօրինակները, բազմաթիվ այլ հազվագյուտ փաստաթղթեր, հնատիպ լուսանկարներ ու վավերագրեր, որոնք իրենց արխիվներից տրամադրել էին Ռումինիայի Հայոց միությունը, Ռումինահայոց թեմի առաջնորդարանը, Ռումինիայի ԱԳՆ արխիվային ծառայությունը:
Իր ելույթում դեսպան Մինասյանը նաև նշեց, որ 1991թ. դեկտեմբերին Ռումինիան դարձավ Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած առաջին երկիրը, և որ հայ-ռումինական հարաբերություններն այսօր էլ գտնվում են զարգացման կարևոր փուլում: Դեսպանը գնահատանքով նշեց, որ Ռումինիայի կառավարությունն արդեն ավարտել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին առնչվող ընթացակարգերը, և փաստաթուղթն արդեն փոխանցել է Ռումինիայի խորհրդարան՝ վավերացման համար:
Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը ընթերցեց Ռումինիայի Սենատի նախագահ Կալին-Պոպեսկու Տարիչեանուի ուղերձը: Ուղերձում մասնավորապես ասված էր. «Այս հոբելյանի կապակցությամբ ուզում եմ համոզմունք հայտնել, որ մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն ոգով, իսկ մեր ժողովուրդների դավանած արժեքների ու պատմական ճակատագրերի ընդհանրությունը ամուր հիմք կդառնա գործընկերային հարաբերությունների զարգացման համար»:
Ցուցահանդեսի բացմանը ելույթներ ունեցան նաև Ռումինիայի մշակույթի և ազգային ինքնության նախարարության պետքարտուղար Գեորգե Պոպան, Ռումինիայի պատմության ազգային թանգարանի փոխտնօրեն Կորնել Իլիեն.
Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց ընդունելություն, որին ներկա էին բազմթիվ հասարական, քաղաքական և մշակութային գործիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: