26/05/2018 15:00
Թրյուդոն Թրամփին հայտնել է իր մտահոգությունը ավտոմեքենաների ներմուծման մասին հետաքննության կապակցությամբ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում Կանադայի կառավարության ղեկավարը մտահոգություն է հայտնել երկրի անվտանգության վրա մեքենաների ներմուծման ազդեցության մասին ամերիկյան հետաքննության կապակցությամբ, հայտնում է ТАСС-ըч հղում անելով Կանադայի վարչապետի գրասենյակի հայտարարությանը։
Ըստ այդ հայտարարության՝ Թրյուդոն «հաշվի առնելով Կանադայի ու ԱՄՆ-ի ավտոմոբիլային ինդուստրիայի փոխշահավետ ինտեգրացիան՝ լուրջ մտահոգություն է հայտնել ԱՄՆ առևտրի նախարարության հետաքննության կապակցությամբ, որն իրականացվում է առևտրի ընդլայնման մասին ամերիկյան օրենքի 232 հոդվածի հիման վրա»:
Թրյուդոն ու Թրամփը նաև քննարկել են ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտու մասին համաձայնագիրը (NAFTA)։
ԱՄՆ առևտրի նախարարությունը չորեքշաբթի հայտնել է, որ սկսում է հետաքննություն, որը նպատակ ունի որոշել՝ արդյոք ԱՄՆ անվտանգության համար սպառնալիք են ներկայացնում այլ երկրներից մեքենաների ու դրանց պահեստամասերի ներմուծումը։ Դրանից առաջ Wall Street Journal թերթը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը դիտարկում էր ԱՄՆ մատակարարվող մեքենաների վրա 25 տոկոսանոց մաքսատուրքեր ներդնելու հնարավորությունը։ Պարբերականը նշում էր, որ Վաշինգթոնը տվյալ միջոցառման ընդունման անհրաժեշտությունը կարող է հիմնավորել ազգային անվտանգությանը վերաբերող նկատառումներով։