26/05/2018 12:05
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Ֆինլանդիայի նախագահին
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Ֆինլանդիան թևակոխեցին դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը, նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ այդ տարիների ընթացքում հայ-ֆիննական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել։
Արմեն Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և հրավիրել է իր ֆին գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարելու Հայաստան։
Արմեն Սարգսյանի խոսքով, Հայաստանն ու Ֆինլանդիան, լինելով փոքր երկրներ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, որոնք լավ հիմք են ստեղծում համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար:
Ֆինլանդիայի նախագահն ասել է, որ ուշի ուշով հետևել են Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին և ուրախ են իրավիճակի քաղաքակիրթ ու խաղաղ հանգուցալուծմամբ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո այդ փաստաթղթի շրջանակներում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ։