26/05/2018 12:59
Քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման և թափոնների ոչնչացման մրցույթի տեխնիկական առաջադրանքը
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել«Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Նիստը նախագահել են Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ Վրեժ Գաբրիելյանը:
Նիստում քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման և թափոնների ոչնչացման մրցույթի տեխնիկական առաջադրանքի նախագիծը, համադրվել դրա առանցքային կետերի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների դիրքորոշումները։
Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը ղեկավար կոմիտեի անդամներին է ներկայացրել նաև ծրագրի գործողությունների և կատարված աշխատանքների ընթացքը։