26/05/2018 11:55
Պուտին. Հարաբերությունները Թրամփի հետ ոչ լավացել են, ոչ վատացել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվել, սակայն ուղիղ երկխոսություն երկու առաջնորդների միջև գրեթե չկա:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի հետ մեր հարաբերություններին, ապա դրանք ոչ լավացել են, ոչ վատացել։ Մեր միջև գրեթե չկա ուղիղ երկխոսություն, և դա հնարավորություն չի տալիս մեզ ռուս-ամերիկյան հարաբերություններում որևէ առաջընթացի հասնել»,- ասել է ռուս առաջնորդը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում պատասխանելով համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հարցերին, փոխանցում է ТАСС-ը:
Երկրի ղեկավարը նման իրավիճակը բացատրել է «ամերիկյան էլիտայի ներսում խորացող հակասություններով», որոնք արտացոլվում են ինչպես ԱՄՆ-ի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության վրա։
«Մենք որոշակի չափով դառնում ենք ԱՄՆ-ի ներսում ներքին հակասությունների գերին։ Հուսով եմ, որ դա մի օր կավարտվի», - ասել է նա։
Պուտինը կարծում է, որ Դոնալդ Թրամփին չեն թողնում նորմալ երկխոսություն հաստատել Մոսկվայի հետ՝ մեջբերելով այդ թվում նաև «իբր Ռուսաստանի միջամտությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին»։