26/05/2018 13:21
Վստահ եմ` կներդնեք ռազմագիտական ներուժը բանակի մարտունակությունն էլ ավելի կատարելագործելու. Լևոն Մնացականյանը` Արտակ Դավթյանին
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին պաշտոնը ստանձնելու առթիվ:
«Արցախի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք կներդնեք Ձեր ողջ ծառայողական փորձն ու ռազմագիտական ներուժը հայկական բանակի մարտունակությունն էլ ավելի կատարելագործելու և Հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու համար:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ առաջադրված նպատակներին հասնելու գործում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի», - ասված է Լևոն Մնացականյանի ուղերձում: