29/05/2018 18:50
Լավրովը մեկնաբանել է ԱՊՀ-ից դուրս գալու Ուկրաինայի որոշումը
Կիևի գործողություններում երբեմն սթափ դատողությունը և սեփական քաղաքացիների մասին մտահոգությունը դառնում են ռուսատյացության ուղղության պատանդը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՊՀ-ից դուրս գալու Ուկրաինայի իշխանությունների որոշումը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն է որոշել՝ ինչ կազմակերպությունների անդամակցել: Ուկրաինան պետք է որոշում ընդունի, թե ԱՊՀ վերաբերյալ իր այս կամ այն քայլը սեփական քաղաքացիների վրա դրական, թե բացասական ազդեցություն կունենա: Այս հարցում մենք ոչինչ չենք կարող անել», - հայտարարել է նա Մինսկում կայացած ճեպազրույցում:
«Մեր ուկրաինացի հարևանների գործողություններում երբեմն սթափ դատողությունը և սեփական քաղաքացիների մասին մտահոգությունը դառնում են ռուսատյացության ուղղության պատանդը», - դժգոհել է Լավրովը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կառավարությանը հանձնարարել էր սկսել ԱՊՀ հիմնադիր մարմիններից Ուկրաինայի պաշտոնապես դուրս գալու ընթացակարգը եւ «վերջնականապես փակել» Մինսկում համապատասխան ինստիտուտներին առընթեր ուկրաինական ներկայացուցչությունը: Միաժամանակ Գերագույն ռադայում երկրի նախագահի ներկայացուցիչ Իրինա Լուցենկոն հայտարարել էր, որ Կիեւը մտադիր չէ չեղյալ հայտարարել համաձայնագրերը, որոնք վերաբերում են տարանցմանը, դիպլոմների ճանաչմանը և աշխատանքի տեղավորմանը: