30/05/2018 16:44
Հայ ժողովուրդը ողջ աշխարհին ցույց տվեց միասնության և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ իր հավատարմությունը. Վրաստանի վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
«Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի համար, և հենց այդ պատճառով էլ Վրաստանում մեծ ուշադրությամբ էին հետևում բարեկամ Հայաստանում վերջին ժամանակներս տեղի ունեցած իրադարձություններին, երբ հայ ժողովուրդն ողջ աշխարհին ցույց տվեց միասնության և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ իր հավատարմությունը», - ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։
Նա նշել է, որ քննարկել են բոլոր հիմնական ուղղությունները, ընդգծել ձգտումները՝ ունենալու ինտենսիվ քաղաքական երկխոսություն:
«Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաև հարավային Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա տեղի բնակչության հետ: Վրաստանի հայ քաղաքացիներն ակտիվորեն ներգրավված են երկրի կառուցման գործում, ինչը բազմազգ Վրաստանի միասնականության հստակ փաստն է: Վրաստանի բնակչությունն, անկախ ազգային պատկանելությունից, ծառայում է ընդհանուր նպատակին՝ Վրաստանի հզորացմանը, տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը», - նշել է նա։
«Այն պոզիտիվ մթնոլորտը, որ կա հայ-վրացական հարաբերություններում, միշտ եղել է: Ես հույս ունեմ, որ մենք այդ պոզիտիվ մթնոլորտը կվերածենք կոնկրետ շատ ավելի մեծ արդյունքների տնտեսական ոլորտում, քաղաքական հարաբերությունների ոլորտում, երկկողմ հարաբերությունների ոլորտնում, և ես հույս ունեմ, որ մենք առաջիկայում միջկառավարական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման շնորհիվ կկարողանանք կոնկրետ արդյունքներ արձանագրել մեր երկկողմ համագործակցության բազմաթիվ ոլորտներում», - ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան:
«Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք իսկապես շատ տպավորված էինք այն հետաքրքրությամբ, որ Վրաստանի հանրությունը ցուցաբերում էր Հայաստանում ապրիլ-մայիս ամսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանը, և մեզ շատ ջերմացնում է մեր հիշողությունը վրաց լրագրողների ակտիվ մասնակցության և համագործակցության վերաբերյալ»,-նշել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որառաջիկայում Վրաստանի վարչպետին կտեսնի Երևանում։