30/05/2018 14:22
Հասարակությանը պետք է տեղյակ պահել, թե ինչու գազի սակագինը չենք կարող իջեցնել. Միքայել Մելքումյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն առաջարկում է գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությունները դիտարկելու համար սկսել կառավարություն-ԱԺ համատեղ քննարկումներ։
Նման առաջարկ Մելքումյանը հնչեցրեց 2017-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, որը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունեց։
«Բոլոր հնարավորությունները պետք է քննարկել։ Ոչ մի հնարավորություն չպետք է բաց թողնել: Մեր դռները բաց են և պետք է գոնե մեկ անգամ հասարակությանը հստակ ուղերձ հղենք: Այդ քննակումների արդյունքում, եթե հնարավոր է իջեցնել՝ իջեցնում ենք, եթե ոչ, ապա հստակ ասենք՝ ինչ պատճառով հնարավոր չէ իջեցնել սակագինը, որովհետև տեղեկացված չլինելու պատճառով հասարակությունը քննադատում է մեզ, որ ունենք բավարար հնարավորություն իջեցնելու գինը կամ գոնե չբարձրացնելու, բայց դա չի արվում։ Հիմա եկեք պայմանավորվենք թափացիկ գործել, ու հանրությանը տեղյակ պահենք, թե ինչու չկարողացանք իջեցնել», - առաջարկեց Մելքումյանը։
Այսօր լրագրողների հետ զրույցում նախարարը նշել էր, որ սակագնի բարձրացում տեղի չի ունենալու։