06/06/2018 17:09
Վիլեն Գայֆեջյանի դիմումի հիման վրա Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Վիլեն Մամիկոնի Գայֆեջյանի բողոքի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հունիսի 6-ի 236-Ա որոշմամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, տեղեկացնում են փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից:
Ըստ դիմողի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրապարակային հարթակներում վիրավորական գրառումներ (արտահայտություններ) և հայհոյանքներ է կատարել, ինչպես նաև կատարված հայհոյանքները և վիրավորական գրառումները կամ արտահայտություններն արդարացնելու և շարունակելու վարքագիծ է դրսևորել:
ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:
Կարգապահական գործը հանձնվելու է ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ընտրված կարգապահական գործ նախապատրաստող փաստաբանին, որի կողմից կազմվող եզրակացության հիման վրա ներկայացվելու է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննությանը:
ՓՊ-ից միաժամանակ հիշեցնում են, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` Պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ: