13/06/2018 13:02
Ճիշտ էր գնալը. Ներսիկ Նազարյանն ազատվել է աշխատանքից
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանն ազատվել է աշխատանքից։
«Ես եմ դիմում ներկայացրել ու ազատվել աշխատանքից», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ներսիկ Նազարյանը։
Հարցին՝ ո՞րն է եղել պատճառը, չի՞ ցանկացել աշխատել նոր նախարարի հետ, Ներսիկ Նազարյանը պատասխանեց. «Չէ, բացարձակ որևէ պրոբլեմներ չկան: Ճիշտ էր գնալը, ուրիշ ոչ մի պատճառ, որևէ խնդիր չկա»։
Ներսիկ Նազարյանն ասաց, որ պատրաստ է ընդունել աշխատանքի ցանկացած առաջարկ, եթե զգա, որ կարող է օգտակար լինել պետությանը։
«Անպայման կընդունեմ, ամեն մարդ պետք է աշխատի այնտեղ, որտեղ գտնում է, որ նորմալ է: Իհարկե, եթե նորմալ առաջարկներ լինեն, ես իմ պետության համար պատրաստ եմ ծառայել, աշխատել, որովհետև ամեն մարդ իրեն երջանիկ կզգա լավ մթնոլորտում աշխատել, ծառայել, մենք բոլորս պետք է մեր լուման ունենանք, և ես հույս ունեմ, որ, իսկապես, ամեն ինչ լինելու է շատ-շատ լավ, ես լավատես մարդկանցից եմ», - ասաց նա։
Անդրադառնալով ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի նշանակմանը, մասնավորապես, խոսակցություններին, թե ճիշտ մարդ չէ ընտրվել այդ պաշտոնում, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալն ասաց, թե որևէ կարծիք չի ուզում հայտնել։
«Սիրուն չի լինի ես նախարարի մասին կարծիք հայտնեմ: Ինքը նոր է դեռ, երկար ժամանակ չէ, որ կարողանանք որևէ գնահատական տալ: Թող, Աստված տա, կարողանա այնպես աշխատել, որ լինի բոլորի կողմից հարգված ու սիրված նախարար: ԱԻՆ-ն այնպիսի համակարգ է, որ պետք է սիրով աշխատել: Ես երկու տարի որ աշխատել եմ, շատ սիրով եմ աշխատել», - ընդգծեց Ն.Նազարյանը։