13/06/2018 12:31
Գվատեմալայում հրաբխի ժայթքման զոհ է դարձել առնվազն 27 երեխա
Գվատեմալայում առնվազն 27 երեխա է մահացել Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով, ևս մի քանի տասնյակ երեխաներ անհետ կորած են համարվում, հայտնել է Prensa Libre գվատեմալակակ թերթի էլեկտրոնային տարբերակը` հղում անելով հանրապետության կրթության նախարար Օսկար Ուգո Լոպես Ռիվասին:
Նրա խոսքով՝ Էսկուինտլա դեպարտամենտի Սան Միգել Լոս Լոտես գյուղի դպրոցում, որը ոչնչացել է ժայթքումից, սովորում էր 173 երեխա: Նրանցից 27-ը մահացել է և արդեն ճանաչված են, ևս 35 մարդ անհայտ կորած է համարվում: Ժայթքման զոհերի ընդհանուր թիվն առայժ 117 է, ևս 197 մարդ անհայտ կորած է համարվում:
Գվատեմալայի դատախազությունն ավելի վաղ հետաքննություն է սկսել մարդկանց մահվան կապակցությամբ: Լավայի հոսքերին ու մոխիրը ծածկել են մերձակա բնակավայրերը: Իշխանությունների տվյալով՝ տարերքի հարվածի հետևանքով վիրավորվել է 57 մարդ, 12,4 հազար հոգի տարհանված է, և 4,2 հազար մարդ գտնվում է ժամանակավոր ապաստաններում: Ընդհանուր առմամբ հրաբխի ժայթքման հետևանքներն իրենց վրա զգացել է 1,7 մլն բնակիչ: