13/06/2018 14:14
Թալիբների առաջնորդն ուղղակի բանակցություններ սկսելու կոչ է արել ԱՄՆ-ին
«Թալիբան» արմատական շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան ուղղակի խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել ԱՄՆ-ին, որպեսզի վերջ դրվի բազմամյա դիմակայությանն Աֆղանստանում, հայտնել Է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով շարժման առաջնորդի արած հայտարարությանը:
«Եթե ԱՄՆ-ի պաշտոնատարներն իրոք հավատում են հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա նրանք պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջը և ուղղակի երկխոսություն սկսեն: Ամերիկացի պաշտոնյաների ամենամեծ սխալն այն է, որ նրանք կամակորությամբ են մոտենում ցանկացած խնդրի, բայց ուժի կիրառումը միշտ չէ, որ ցանկալի արդյունք է տալիս», - ասել է Ախունդզադան:
Թալիբների առաջնորդը նաև ընդգծել է, որ «Աֆղանստանը փրկելու միակ ճանապարհն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» գործողությանը մասնակցող երկրների զորակազմերի դուրսբերումն է հանրապետության տարածքից»: Ախունդզադան հավելել է, որ օտարերկրյա ներխուժմամբ պայմանավորված ճգնաժամային իրադրությունն Աֆղանստանում, «որի ավերիչ հետևանքները հիմնականում վնասում են ԱՄՆ-ի ու Աֆղանստանի ժողովրդին, կարող է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով»: