14/06/2018 17:49
Կենդանաբանական այգում 29 կենդանի սատկել, ոչնչացվել է տուբերկուլյոզից տարեսկզբին. Պաշտոնապես հաստատվում է Aysor.am-ի տեղեկությունը
Երևանի Կենդանաբանական այգում այս տարվա սկզբին 29 կենդանի է սատկել տուբերկուլյոզի հետևանքով, արձագանքելով Aysor.am-ի հրապարակմանը՝ մեր թղթակցի հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանը։
Այգու աշխատակիցը հաստատեց Aysor.am-ի հրապարակած տեղեկությունը. սատկած կենդանիների թվում է 4 կենդանատեսակ՝ դավթի եղջերու, լամա, այծյամ (կխտար) և կամերունյան այծ։ Հիշեցնենք՝ Aysor.am-ի թղթակիցն այսօր եղել էր Կենդանաբանական այգում, խոսել աշխատակիցների հետ, ովքեր ևս հաստատել էին մեր ունեցած տեղեկությունը։
«Նրանք տուբերկուլյոզի հարուցիչով վարակվելուց հետո են անկում ապրել և այդ բոլոր կենդանատեսակների համապատասխան կենսանմուշները և օրգանները ուղարկվել են տուբդիսպանսերի ազգային լաբորատորիա, որտեղ ենթարկվել են փորձաքննության, որի արդյունքում պարզվել է, որ տվյալ կենդանիները անկում են ապրել տուբերկուլյոզի հարուցիչի պատճառով», - ներկայացրեց Արևիկ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ աշխարհի բոլոր կենդանաբանական այգիներում կան թաքնված տուբերկուլյոզի օջախներ, որոնք ախտահարում են տարբեր կենդանատեսակներին։
«Որպեսզի կարողանանք հետայսու կանխարգելել տվյալ հարուցիչի տարածումը բոլոր սմբակավորների՝ եղնիկների, բեզոարյան այծերի, մուֆլոնների շրջանում, անհրաժեշտ է եղել տվյալ կենդանատեսակը ոչնչացնել դիակիզման ճանապարհով, որովհետև հակառակ դեպքում տուբերկուլյոզի հարուցիչը շարունակում է մնալ կենդանի և արդեն վտանգ է սպառնում մյուս բոլոր կենդանիների համար», - ասաց Մկրտչյանը՝ ընդգծելով, որ դրանք պետականորեն և տարբեր կանոնակարգերի համաձայն իրականացվող միջոցառումներ են։
Այգու ներկայացուցիչը վստահեցրեց, որ երբ հայտնաբերվել է հիվանդությունը կենդանիների շրջանում, Կենդանաբանական այգին 10-14 օր փակ է եղել այցելուների համար ու իրականացվել են համապատասխան միջոցառումներ։ Տուբերկուլյոզը, մասնագետի խոսքով, վարակիչ հիվանդություն է և դրա ինկուբացիոն շրջանը տևում է 40 օր և ցանկացած կենդանի, որն ապրում է վարակվածի կողքին, արդեն վարակվելու ռիսկի տակ է։ Հետևաբար, ըստ Մկրտչյանի, ոչնչացվել են նաև վարակված լամայի մյուս ընկերները։
«Կենդանատեսակի գլխաքանակը պետք էր ոչնչացնել և դա համարվում է կանխարգելիչ միջոցառում», - ասաց Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ ընդհանուր առմամբ 29 կենդանի է անկել ու ոչնչացվել։ Մասնագետը նաև վստահեցրեց, որ Կենդանաբանական այգու այցելուներին վտանգ չի սպառնում։
Կենդանաբանական այգու աշխատակցի համար տարօրինակ էր, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա սկզբին, սակայն այդ մասին հրապարակվում է այժմ։
Մեր դիտարկմանը, թե հրապարակվում է հիմա, քանի որ մենք այդ մասին տեղեկացել ենք միայն հիմա, այն էլ սեփական աղբյուրներից և ոչ թե Կենդանաբանական այգու կողմից տարածված հաղորդագրությամբ, Մկրտչյանը արձագանքեց. «Դուք ինձ ուզում եք ասեք, որ ես հանրությանը տեղեկացնեմ, որ չգիտեմ, օրինակ, ես այսօր զեբրային ճիճվաթափ եմ արե՞լ»։
Նկատենք, որ Կենդանաբանական այգին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում, սնվում է նաև հանրության միջոցներով (այցելությունը վճարովի է - հեղ.), հետևաբար այնտեղ կատարվածի համար հաշվետու հանրությանը։