14/06/2018 15:56
Գոմքի «Բենսոնը». հաճելի ժամանցը կապահովեն Մերին ու Կարենը, հյուրերի հետ անգլերեն շփումը՝ 14-ամյա Բենիկը
Հյուրատներ, առողջ սնունդ, ձիարշավարան, ձկնորսություն, գյուղական բարիքներից օգտվելու հնարավորություն. Վայոց ձորի մարզի Գոմք համայնքում է գտնվող «Բենսոն» զբոսաշրջային կենտրոնը, որտեղ կարող եք հանդիպել այս ամենին։
Հիմնադիրներ Կարեն ու Մերի Ասլանյանները զբաղվում են գյուղական տուրիզմի զարգացմամբ:
«Մեզ մոտ ամեն ինչ բնական է, նույնիսկ ծառերը չեն ջրվում, որովհետև տեղանքն այնպիսին է, որ բնական աղբյուրները դուրս են գալիս գետնի տակից ու ամեն ինչ այդ ձևով է ջրվում», - «Բենսոն» այցելած լրագրողներին պատմում է Մերի Ասլանյանը։
Վայք քաղաքում բնակվող ընտանիքին շատ է դուր եկել տեղանքն ու Կարենը որոշել է Գոմքում տուն գնել` այն դարձնելով զբոսաշրջային կենտրոն։
Հարցնում եմ՝ մտավախություն չի՞ եղել, որ բիզնեսը չի հաջողի, Կարեն Ասլանյանը կտրուկ պատասխանում է. «Եթե մտավախությունով լինի, ոչ մի բան չես անի, պետք է գործին ռիսկով ու հավատով կպնես»։
Ասլանյաններին այցելում է գրեթե բոլոր երկրներից։ Հյուրերի հետ շփվելու հարցում նրանց օգնում է իրենց որդին՝ 14-ամյա Բենիկը, ով շատ վարժ տիրապետում է անգլերենին։
Հարցնում եմ՝ Բենիկ, բացի անգլերենից, էլ ինչո՞վ ես օգտակար լինում ծնողներիդ, պատասխանում ՝«Չարչարվում եմ»։
Բենիկը մտադիր է հետագայում ընդլայնել հոր դրած բիզնեսը։
Ի դեպ, նա իր չարչաարանքի դիմաց վարձատրվում է։
Առաջին աշխատավարձը եղել է տասը հազար դրամ, իսկ աշխատավարձը շռայլ տալու հարցում առաջին տեղում հայրիկն է։
Ամենակարևորը, աշխատավարձը չեն ուշացնում, ճիշտ ժամանակին տալիս են։
Ասլանյանների զբոսաշրջային կենտրոնում հասցրել են նաև հարսանիք անել, իրենք էլ քավոր են եղել։
«Երևանից եկած մեր սանիկները ձիերով հարսանիք են արել 4 տարի առաջ: Հարսն ու փեսան ձի էին նստել, իսկ սայլերը՝ զարդարել գորգերով», - պատմում է տիկին Մերին։
Լրագրողներով հիացել ենք Ասլանյանների 14-ամյա որդու թե աշխատասիրությամբ, թե գիտելիքներով։
«Հենց ամուսնանա, շահելու ա իրա կինը», - կատակում ենք մենք։
«Ես արդեն իր համար ընտրած աղջիկ ունեմ, բայց ինքը չգիտի», - փորձում է գաղտնիքը բացել տիկին Մերին, իսկ ճարպիկ Բենիկն այն կողմից ձայն է տալիս. «Լավ էլ գիտեմ»։
Իրենց հյուրատներում ամբողջությամբ փորձել են պահել հին ոճը, նախկին լուսամփոփերը մշակել են՝ համադրելով հինն ու նորը, իսկ որպեսզի տանը հյուրերը շատ չկտրվեն հիասքանչ բնությունից, Ասլանյանները որոշել են տան մի պատն ամբողջությամբ ապակի անել։
Ուրցով և նանայով համեղ թեյ, այգու բարիքներից կեռաս ու խնձոր, քաղցրավենիք ու իրենց ծառի ընկույզ. ճանապարհելուց առաջ պարտադիր պայման է հյուրերին հյուրասիրելը Ասլանյանների մոտ։
«Մյուս գալուց, հուսանք, արդեն զիփլայն էլ կունենանք», - մեզ ճանապարհելիս ասում են Ասլանյանները։
Նյութը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ՝ «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում: