14/06/2018 12:47
Պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումների վերաբերյալ նախարարի ահազանգով աուդիտ է անցկացնում Սփյուռքի նախարարությունում
Պետական վերահսկողական ծառայությունը աուդիտ է անցկացնում Սփյուռքի նախարարությունում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց նախարարության մամուլի քարտուղար Նունե Այլանջյանը:
Ավելի վաղ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ նախարարության աշխատանքում, մասնավորապես` «Արի տուն» ծրագրի իրականացման գործընթացում չարաշահումներ է նկատել:
«Ներկա փուլում աուդիտ է անցկացվում, ինչպես որ հայտարարել էր նախարարը, և սպասում ենք արդյունքներին: Ենթադրվում է, որ դրանք կլինեն մյուս շաբաթվա առաջին կեսին և, բնականաբար, կհրապարակվեն», - ասաց Նունե Այլանջյանը:
Անդրադառնալով օգոստոսին մեկնարկելիք «Քայլ դեպի տուն» նախարարության նոր ծրագրին, որը մեկտեղել է «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը, մամուլի քարտուղարն ասաց, որ սա ամենաօպտիմալ տարբերակն էր «ոչ մեկին չնեղացնելու ու հիմա անելու համար»:
«Հետագայում մենք նոր ծրագրեր կունենանք», - ամփոփեց Նունե Այլանջյանը:
«Օրինակ՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի լանչի համար չորս հազար դրամ է տրամադրվել. գառ պիտի մատուցեի՞ն ամեն մի երեխային, սև խավիա՞ր, թե՞ ինչ», - լրագրողների հետ հանդիպմանն ասել էր նախարար: