14/06/2018 16:37
Սան Ֆրանցիսկոն ունի քաղաքի պատմության մեջ առաջին սևամորթ քաղաքապետը
Սան Ֆրանցիսկոն առաջին անգամ ունի աֆրոամերիկուհի քաղաքապետ, այդ պաշտոնում ընտրվել է սևամորթ կին քաղաքական գործիչ Լոնդոն Բրիդը:
Արտահերթ ընտրությունները նշանակվել էին անցյալ տարվա դեկտեմբերին քաղաքապետ Էդ Լիի անսպասելի մահից հետո։ Հունիսի 5-ին կայացած նոր ընտրություններում քաղաքապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն էին քաղաքի վերահսկիչ խորհրդի ղեկավար Լոնդոն Բրիդը, կորեական ծագմամբ Ջեյն Կիմը և նահանգի նախկին սենատոր Մարկ Լենոն, որը բացահայտ կերպով հայտարարում է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։
Քանի որ Սան Ֆրանցիսկոյում գործում է բավականին բարդ ռեյտինգային ընտրական համակարգ՝ ընտրությունների արդյունքի հաշվարկը տևում է բավականին երկար, այս դեպքում՝ ավելի քան մեկ շաբաթ։
Առաջին օրերի հաշվարկներում առաջատար դիրքում էր 66-ամյա Լենոն, սակայն ավելի ուշ Բրիդն առաջ է անցել նրանից։ Նախօրեին արդեն իրականացված հաշվարկներով նա առաջ է անցել իր հիմնական մրցակցից 1.800 ձայնով, թեև շուրջ 8000 քվեաթերթիկ դեռևս մնում էր չբացված։
Չսպասելով ձայների վերջնական հաշվարկի ավարտին՝ Լենոն հայտարարել է, որ ընդունում է Բրիդի հաղթանակը։ Շուտով հայտարարությամբ է հանդես եկել նաև 43-ամյա Բրիդը՝ հեռուստաեթերում ինքն իրեն անվանելով «Սան Ֆրանցիսկոյի ապագա քաղաքապետ»։
Նա նաև կոչ է արել բոլորին հետևում թողնել նախընտրական քարոզչության ընթացքում որդեգրած քաղաքականությունն ու գործի անցնել։
Բրիդը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, աղքատ ընտանիքում։ Ապագա քաղաքապետին մեծացրել է տատիկը՝ ծայրահեղ չքավորության մեջ։ Հաշվի առնելով իր կյանքի փորձը՝ Բրիդը խոստացել է զբաղվել մատչելի կացարանների կառուցմամբ, օգնել աղքատներին ու կարգուկանոն հաստատել քաղաքի փողոցներում։