15/06/2018 16:44
Սամվել Բաբայան. Եթե Հայաստանի իշխանությունները որոշեն, որ ես պետք է լինեմ Արցախում, ուրեմն՝ կլինեմ
Արցախ գնալը կախված է Հայաստանի իշխանությունների որոշումից, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լեղնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
«Եթե Հայաստանի իշխանությունները, Հայաստանի հասարակությունը որոշեն, որ ես պետք է այնտեղ լինեմ, ուրեմն ես կլինեմ այնտեղ։ Բայց ներկա պահին Բաբայանը ոչ մի տեղ ոչ մտադիր է գնալ, ոչ մտադիր է «դեստաբիլիզացիա» անել, ինչ-որ խնդիրներ դնել։ Դա շատ լուրջ, պետական խնդիր է», - ասաց Սամվել Բաբայանը։
Արձագանքելով դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ կան, որ Բաբայանը պատրաստվում է մեկնել Արցախ, նա ասաց.
«Ովքեր այդպիսի բաներ են հայտարարում, մի պահ պետք է մտածեն ու հասկանան, եթե գիտեն, թե այդ պատասխանատվությունն ամեն մեկը կարող է գնալ ու վերցնել իր վրա, ուրեմն ապուշ են։ Այ տենց բառերով կարող եմ արտահայտվել։ Չի կարելի։ Ղարաբաղն այսօր շատ վտանգավոր գոտի է ու չի կարելի այնտեղ խաղալ»։