15/06/2018 19:51
«Այբ» կրթական հիմնադրամը արձագանքում է Արայիկ Հարությունյանի հայտարարություններին
«Այբ» կրթական հիմնադրամը այսօր հայտարարություն է տարածել, որով արձագանքել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարություններին։
««Այբ» կրթական հիմնադրամը նշված ուսումնասիրության նախնական կամ վերջնական որևէ արդյունք պաշտոնապես չի ստացել։ Ուստի, հիմնադրամը նաև հնարավորություն չի ունեցել արտահայտելու իր դիրքորոշումը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը։ Ստացվում է, որ հիմնադրամը փաստացի զրկվել է կարծիք կամ անհամաձայնություն հայտնելու, արդյունքները մենկանբանելու, հետադարձ կապ տալու իր՝ օրենքով սահմանված իրավունքից։
«Այբ» կրթական հիմնադրամը, հավատարիմ իր գործունեության թափանցիկությանը, նաև համոզված լինելով մեր պաշտոնական կայքում և նախարարությանը տրամադրված ֆինանական հաշվետվությունների և փաստաթղթերի արժանահավատությանը, որևէ կերպ չի ցանկանում մեկնաբանել նախարարի կողմից հնչեցված թվերը՝ հաշվի առնելով այն, որ ուսումնասիրության արդյունքները հիմնադրամին պաշտոնապես ներկայացված չեն։
Հ․Գ․
Եթե «իրողություն է փոխվել», և ուսումնասիրության արդյունքներին ուսումնասիրվող կառույցը տեղեկանում է սոցիալական ցանցերից, խնդրում ենք մեզ հուշել այն կայքը, որտեղ կարող ենք «լայք»-ով կամ «դիսլայք»-ով հայտնել մեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը՝ հրապարակված տվյալների վերաբերյալ», - նշված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։
Այսօր Արայիկ Հարությունյանը ներկայացնելով ներքին աուդիտի արդյունքները, հայտարարել էր, որ անցյալ տարի «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրատի» համար Կրթության և գիտության նախարարությանը հատկացված 666 մլն դրամից շուրջ 280 մլն-ը չի ծախսվել: «Դա հետագայում ձևավորվել է որպես այս տարվա կանխավճար, իսկ այս տարվա գումարը շարունակում է նույնը մնալ», - ասել էր նախարարը:
Բացի այդ, Հարությունյանը ասել էր, որ հանձնարարել է, որ ներքին աուդիտի կողմից ուսումնասիրվի 2015-ից սկսած նախարարության գործունեությունը, հետևաբար այդ նպատակով կձևավորվի խումբ, որը մոնիթորինգի կենթարկի աուդիտի արդյունքները: