15/06/2018 14:31
Վիետնամը Չինաստանից պահանջում է անհապաղ հանել բոլոր ՀՕՊ համալիրները Հարավ-չինական ծովի կղզիներից
Վիետնամը Չինաստանից պահանջում է անհապաղ հանել բոլոր ռազմական սարքավորումները, որոնք տեղակայել էր Արևելյան ծովի (Հարավ-Չինական ծովի վիետնամական անվանումը) Պարասելյան կղզիներում, և դադարեցնել այդ տարածքների նկատմամբ ցանկացած միակողմանի գործողություն: Այս մասին նշված է ուրբաթ տարածված Վիետնամի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Լե Տխի Տխու Հանգի հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը:
Դիվանագետի ելույթը CNN-ի ռեպորտաժի արձագանքն է, որն այս շաբաթ, վկայակոչելով արբանյակային լուսանկարները, հայտնել էր, որ Պարասելյան կղզիների կազմի մեջ մտնող վիճելի Վուդի կղզում Չինաստանի ՀՕՊ համալիրներ են հայտնվել:
«Չինաստանի կողմից Հոանգշա (Պարասելյան կղզիների վիետնամական անվանումը) կղզիներում ՀՕՊ միջոցների տեղակայումը այդ տարածքների նկատմամբ Վիետնամի ինքնիշխանության լուրջ խախտում է: Չինաստանի նման քայլերը սպառնալիքի տակ են դնում Արևելյան ծովում խաղաղության, կայունության և համագործակցության պահպանումը, նպաստում են լարվածության մեծացմանը և սպառնալիք ստեղծում Արևելյան ծովի շրջանում նավագնացության ու ավիացիայի ազատության համար»,- նշել է Լե Հանգը:
Նրա խոսքով՝ Վիետնամը Չինաստանից պահանջում է Հոանգշա արշիպելագից անհապաղ հեռացնել ՀՕՊ համալիրները և հետագայում քայլեր չձեռնարկել, որոնք սպառնում են այդ տարածքի նկատմամբ Վիետնամի ինքնիշխանությանը: Դիվանագետը հիշեցրել է, որ Հանոյի դիրքորոշումը Հոանգշայի կղզիների և կից գտնվող Չիոնգշա (Սպրատլի) արշիպելագի պատկանելության հարցում բազմիցս հրապարակվել է. Հանոյը «բավարար պատմական ապացույցներ և իրավաբանական հիմնավորումներ ունի, որոնք հաստատում են կղզիների նկատմամբ իր անվիճարկելի ինքնիշխանությունը»: