15/06/2018 20:02
ՍԱՊԾ-ն՝ Կենդանաբանական այգում կենդանիների անկման դեպքերի մասին
Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արձագանքել է Երևանի Կենդանաբանական այգում տուբերկուլյոզի հետևանքով կենդանիների անկման մասին Aysor.am-ի հրապարակմանը և տեղեկացրել, որ նման դեպքի մասին ՍԱՊԾ-ն տեղյակ չի եղել։
«Հրապարակված տեղեկատվությունը, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել, ուսումնասիրվել է։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հստակեցնում է, որ խոսքը վերաբերում է 5 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերին:
Դեռևս 2018 թվականի հունվարի 18-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի անասնաբույժը Ծառայությանը տեղեկացրել էր, որ կենդանաբանական այգում կան հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ: Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետների այցելության և կենդանիների կլինիկական զննման արդյունքում 8 գլուխ լամաների մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզ հիվանդություն, որն էլ հետագայում հաստատվել է լաբորատոր փորձաքննության արդյունքներով:
Լամաները, ինչպես նաև դրանց հարևանությամբ պահվող 1 գլուխ կխտարը, 1 գլուխ դավթի եղջերուն, 19 գլուխ կամերունյան այծերը և ևս 4 գլուխ լամաները, որոնք նույնպես կարող էին հնարավոր վարակի աղբյուր հանդիսանալ, խոտանվել են և սահմանված կարգով ոչնչացվել:
Այնուհետև այգու ամբողջ տարածքում կատարվել է անկած կենդանիների ազատավանդակների մեխանիկական մաքրում, պարբերական ախտահանություն, իսկ ախտահարված օջախներում՝ նաև գրունտի (հողի) փոփոխություն:
Այդ դեպքից առ այսօր Ծառայությունը «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ից տուբերկուլյոզի հարուցիչի հետևանքով որևէ կենդանատեսակի անկման կամ այլ հիվանդության մեջ կասկածվող կենդանու մասին ահազանգ չի ստացել», - ասված է հայտարարության տեքստում: