15/06/2018 19:40
Փաստաբանների միջադեպի գործի նախաքննությունն ավարտվել է. Նրանցից 3-ը կկանգնեն դատարանի առաջ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։
Դեպքը տեղի է ունեցել 2017թ. ապրիլի 27-ին` ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 2 հասցեում գտնվող աշխատասենյակներից մեկում. նախնական քննության տվյալներով՝ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀ փաստաբանների պալատի անդամների միջև, որի ժամանակ փաստաբանները հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երեք անձի առաջադրվել է մեղադրանք. Արմեն Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար), Սիմոն Բաբայանին և Արսեն Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: