16/06/2018 15:07
ԱԱԾ գործողություններն Էջմիածնում շարունակվում են. քաղաքի փողոցները փակ են (Լուսանկարներ)
Էջմիածնում Ազգային անվտանգության ծառայության կողմից օպերատիվ գործողությունները շարունակվում են, Aysor.am-ին տեղեկացրեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։
Այլ մանրամասներ Գալստյանը չփոխանցեց՝ նշելով, որ ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կտարածվի։
«Ա1+»-ը քիչ առաջ տեղեկություն տարածեց, որ բերման է ենթարկվել Դոն Պիպոն, սակայն ԱԱԾ լրատվական բաժնի ղեկավարը մեզ հետ զրույցում չհաստատեց այդ տեղեկությունը։
Միևնույն ժամանակ, նկատենք, որ Էջմիածնում այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում, քաղաքացիները մեքենաներով փակել են քաղաք մտնող ճանապարհները, ոստիկանական ուժեր կան կենտրոնացած քաղաքում։
Հրապարակում կան ցուցարարներ, ովքեր ձեռքերում պահել են պաստառներ «Մենք պիպոյական չենք», «Ոչ Մանվելին» գրություններով։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր օպերատիվ գործողություն են սկսել իրականացնել Էջմիածնի մի քանի կետերում, այդ թվում` ԱԺ գեներալ-պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը։
Մեր տեղեկություններով, ԱԱԾ օպերատիվ ծառայողները գործողություններ են իրականացնում նաև Դոն Պիպո մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող, մեծահարուստ Արթուր Ասատրյանի մոտ։