16/06/2018 13:58
Աշոտյանի նախաձեռնությամբ Եվրանեսթի լիագումար նիստում հրատապ բանաձևի նախագիծ կներկայացվի
Հունիսի 26-ին Բրյուսելում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում, Եվրանեսթում հայկական պատվիրակության անունից Վեհաժողովին կներկայացվի ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման խրախուսման հետ կապված հրատապ բանաձևի նախագիծ, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը ներկայացվել է իր նախաձեռնությամբ։
Ներկայացված այս նախագիծը, պատգամավորի ներկայացմամբ, վկայակոչելով 2018 թվականին ՀՀ ԱԺ կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես ևս մեկ վերահաստատում Հայաստանի Հանրապետության հանձնառության՝ ԵՄ-ի հետ առավել ռազմավարական և հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ-պետությունների ազգային խորհրդարաններին վավերացնել համաձայնագիրը՝ առանց անհարկի հետաձգումների:
Նախագիծը ընդգծում է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը՝ մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:
«Խորհրդարանական դիվանագիտությունը ջանք չի խնայելու այս հրատապ նախագծի ընդունման համար՝ որպես Հայաստանի պետական շահերի առաջխաղացման և ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանման գործում ևս մեկ կարևոր քայլի», - նշել է Աշոտյանը։