16/06/2018 10:13
ԵՄ-ում մտահոգություններ չկան. Հայաստանն ինքն է որոշում իր հարաբերությունները. «168 Ժամ»
«168 Ժամ» թերթը գրում է. «Երևանում տեղի ունեցած «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանները մտահոգություններ են հայտնել ՀՀ նորընտիր իշխանությունների եվրոպական քաղաքականության և դրա հեռանկարների վերաբերյալ:
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով դեսպանների գնահատականներին՝ ասել է, թե խոսքը ոչ թե մտահոգությունների, այլ՝ անորոշության մասին է:
Նրա խոսքով՝ ԵՄ-ում մտահոգություններ չկան, քանի որ Հայաստանն ինքն է որոշում իր հարաբերությունները գործընկերների հետ: Գործընկերները, նրա խոսքով, այդ ընտրությունը միշտ պետք է հարգեն, ինչպես ԵՄ-ն արել է՝ այս հարաբերություններում մշտապես հարգելով նույնիսկ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու՝ հայկական կողմի որոշումը:
Չարնեցկին նշել է, որ կա անորոշություն, քանի որ ՀՀ նոր կառավարությունը չի արտահայտել իր դիրքորոշումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագայի հարցում, կառավարության ղեկավարը չի ծրագրել այց Բրյուսել և նման հարցեր:
«ԵՄ-ն մշտապես ցանկանում է ունենալ կանխատեսելի գործընկերներ, կանխատեսելի հարաբերություններ ներկայիս ժամանակաշրջանում, երբ, ինչպես դեսպանն է նշել՝ ալեկոծությունները շատ են: «Արևելյան գործընկերություն» ծրագիրը մարտահրավերներ է հաղթահարել՝ ԵՄ-ի ներսում պահպանվելու համար: Առաջիկա օրերին ՀՀ ԱԳ նախարարը կլինի Բրյուսելում և, կարծում եմ` եթե կան հարցեր, նա դրանց պատասխանները կհնչեցնի:
Իսկ ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ միայն ԵՄ դեսպանները կարող են ասել, թե ինչ ազդակներ են ստացել կամ չեն ստացել Երևանից:
«Հնարավոր է՝ ենթադրություններով առաջնորդվելով, նման դիտարկումներ են անում՝ փորձելով թեման բացել և անհանգստություն առաջացնել ՀՀ իշխանությունների մոտ, քանի որ ՀՀ իշխանություններն ակտիվ շփումներ են ունենում ՌԴ-ի հետ: Չի բացառվում նաև, որ եվրոպական կողմը որոշ հիմքեր ունի նման հայտարարությունների համար, որոնցից մենք տեղյակ չենք», - ասել է նա:
Փոձագետների հետ զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում