16/06/2018 15:24
Չի կարելի սրել, սադրել, հասցնել Մարտի 1-ի. Էջմիածնի քաղաքապետը հաշտության ձեռք է մեկնում
Ես ձեռք եմ մեկնում, ես չեմ տանում իրավիճակը թեժացման, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Էջմիածնում վերջին օրերին իր հրաժարականի պահանջով կազմակերպված ցույցերին:
«Սա իմ քայլն է: Իմ դիմաց մեր քաղաքում թշնամիներ գոյություն չունեն: Սա իմ ձեռքն է, մեկնեցի, հիմա պատասխանը մեկ ուրիշից եմ ակնկալում», - ասաց նա՝ ընդգծելով, որ իր դեմ բողոքի ցույցերն ուղղորդված ու կազմակերպված են:
Գրիգորյանն ընդգծեց, որ երբ լսում էր ելույթ ունեցողների հայտարարությունները, հասկացավ, որ եթե դրանցից հանի վիրավորական մասերը, ապա ընդհամենը չորս հարց է մնալու.
«Հրաժարակի հետ կապված կարող եմ ասել, որ պահանջների մեծ մասը հնչում են լիազորություններից դուրս խնդիրների մասին՝ հիվանդանոցը լավը չէ, մանկապարտեզը նորոգված չէ», - ասաց նա:
Գրիգորյանն ասաց, որ ինքը խուսափում է ամեն տեսակ բախումներից և հաշտության ձեռք է մեկնում բոլորին։
«Մեր քաղաքում երկար տարիներ է՝ հաշտության նստարան կա: Արթուր Թումանյան, Հակոբ Հակոբյան, պարոն Աճառյան, Ստեփան Աբգարյան, դուք էջմիածնեցիներ եք, եկեք հաշտության: Սա հոգևոր կենտրոն է, չի կարելի սրել, սադրել, հասցնել Մարտի 1-ի», - նշեց նա՝ հավելելով, որ կսպասի նրանց նստարանի մոտ՝ ժամը 17:00-ին: