17/06/2018 17:10
Եթե պարզվի, որ դատավորները գործում են անձնական, կոռուպցիոն, կլանային շահագրռությունից, վայը եկել և տարել է նրանց. Փաշինյանը սպառնացել է
Այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է տարբեր շրջանակներից հնչող այն քննադատություններին, թե դատավորները կալանքի սանկցիա չեն տալիս ձերբակալված անձանց: Փաշինյանը նկատել է, որ այդ հարցում «մեծ ողբերգություն» չկա և դա նորմալ է, եթե դատավորները գործում են օրինական:
«Ես վարչական ռեսուրսներ չեմ կիրառելու և զանգեր չեմ անելու, որ ինչ-որ մարդկանց ազատեն կալանքից: Եվ եթե հանկարծ պարզվի, որ որևէ դատավոր գործում է անձնական, ֆինանսական, կոռուպցիոն, կլանային շահագրգռությունից, վայը եկել և տարել է այդպիսի մարդկանց», - հայտարարել է Փաշինյանը:
Նա կրկնել է նախկինում արած հայտարարությունը, որ իրենք դատարաններին ոչ մի հրահանգ չեն տալու, և դատարանները պետք է գործեն «օրենքի շրջանակներում ու կայացնեն օրինական որոշումներ»:
«Եթե պարզվի, որ կան դատավորներ, ովքեր շարունակում են զանգեր ստանալ մարդկանցից, ումից նախկինում ստացել են զանգեր ու շարունակում են այդ զանգերի բերումով գործել, ուրեմն զանգողն էլ, զանգ ստացողն էլ շատ լուրջ մտածելու բան ունի», - ընդգծեց Ն.Փաշինյանը։
Այդուհանդերձ, ըստ Փաշինյանի, մարդկանց կալանավորելն ու բանտերը լցնելը կառավարության նպատակը չի եղել ու չի լինելու: