17/06/2018 11:50
Մանվել Գրիգորյանի կողմնակիցները երթով շարժվել են ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայր (Լուսանկարներ)
ԵԿՄ անդամներն ու պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմնակիցները կիրակի առավոտյան վերսկսել են Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ բողոքի ակցիան։ Նրանք պահանջում են ազատ արձակել ԱԱԾ կողմից ձերբակալված պատգամավորին։
Ցուցարարները փակել էին Նալբանդյան փողոցը։ Ավելի ուշ նրանք որոշեցին երթով շարժվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայր, որտեղ նրա փաստաբանը բողոքարկում է պատգամավորի ձերբակալման որոշումը։
Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:
Ձերբակալվել է նաև «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ: