17/06/2018 17:47
Փողերի լվացման մեղադրանքով ձերբակալված «Երևան» հիմնադրամի տնօրենն ազատ է արձակվել
«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը ազատության մեջ է, քանի որ դատարանը չի բավարարել նրան կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, Aysor.am-ին տեղեկացրեց Ղազարյանի փաստաբան Աշոտ Գևորգյանը:
«Դատարանը երեկ ուշ երեկոյան որոշեց չբավարարել քննիչի միջնորդությունը, քանի որ առաջադրված մեղադրանքները հիմնավոր չեն», - ասաց փաստաբանը։
Աշոտ Ղազարյանը ձերբակալվել էր հունիսի 14-ին։ Նրան առաջադրվել էր մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 190 հոդվածով (փողերի լվացում)։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այդ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ:
«Իմ պաշտպանյալը փողեր վճարողների հետ չի շփվում, կապ չունի գումարների ստացման հետ: Նա կապ ունի հոգաբարձուների խորհրդի որոշումների հետ: Հոգաբարձուների խորհուրդը ստանում է դիմումներ, քննարկում է խորհրդում, որոշում է կայացվում և Աշոտ Ղազարյանին ուղարկում է որոշում, որտեղ նշված է՝ որ հաշվեհամարին, ինչքան գումար պետք է փոխանցի: Ինքը տալիս է հաշվապահին և նա էլ կատարում է փոխանցումը: Իմ պաշտպանյալ Աշոտ Ղազարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը», - ասաց փաստաբանը: