17/06/2018 00:39
Արմավիրի մարզպետը հանդիպման է հրավիրել Էջմիածնի քաղաքապետին
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը կոչով է հանդես եկել Էջմիածնի քաղաքապետին և բնակիչներին։ Նա հորդորել է հանրահավաքների ընթացքում ցուցաբերել փոխադարձ հանդուրժողականություն և զսպվածություն, բաց չթողնել ընդհանուր սեղանի շուրջ նստելու, բարձրաձայնված խնդիրները քաղաքակիրթ ձևով քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորությունը։
«Հարգելիներս, այնուամենայնիվ, բոլորիդ խնդրում եմ պահպանել հավաքների խաղաղ բնույթը, չոտնահարել միմյանց իրավունքները և կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված հավաքի մասնակցի պարտականությունները:
Միևնույն ժամանակ առաջարկում եմ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և խաղաղ ցույցի երեք հիմնական կազմակերպիչներին վաղը 12:00-ին Արմավիրի մարզպետարանում հանդիպում ունենալ ինձ հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիները։
Լիահույս եմ, որ ականջալուր կլինեք իմ կոչին և կդրսևորեք Էջմիածնի հպարտ և արժանապատիվ քաղաքացուն բնորոշ վարքագիծ:
Ամենայն բարիք բոլորիդ», - հայտարարել է Գագիկ Միրիջանյանը։