18/06/2018 15:47
FPWC հիմնադրամը պատրաստ է Մանվել Գրիգորյանին պատկանող վայրի կենդանիներին տեղափոխել մասնագիտացված տարածք
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աշխատակիցները պատրաստակամ են իրենց միջոցներով և իրենց հաշվին կատարել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակների անվտանգ տեղափոխումը համապատասխան մասնագիտացված տարածք:
Ըստ հայտարարության՝ կենդանիների բուժզննումից և հիվանդություննների ախտորոշումից հետո կորոշվի նրանց մշտական բնակության վայրը, որը ՀՀ տարածքում կարող է լինել Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության փրկարար կենտրոնը և/կամ արտասահմանյան այլ մասնագիտացված կենտրոն՝ ըստ առկա ներուժի:
«Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ վայրի կենդանիների պահումն անհատներին պատկանող տարածքներում պետք է արգելվի օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով կենդանու բարեկեցության ապահովման միջազգային նորմերը», - ասված է FPWC հայտարարության մեջ:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կոչ արեց բնապահպաններին զբաղվել պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատան ու հանգստյան գոտու տարածքում հայտնաբերված կենդանիներով:
«Բնապահպաններին կոչ եմ անում թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, որովհետև էլ մսի պահածո չկա, որ ուտեն, կարող է սովածանան», - ասաց Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք, որ Գրիգորյանի առանձնատանն ու հանգստյան գոտում ԱԱԾ խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք զինամթերք, «Զինվորի բաժին» մակնշմամբ բազմաթիվ մթերքներ` պահածոներ, խտացրած կաթ և այլն, որոնք տեղի աշխատակիցների խոսքով օգտագործվել են որպես կեր նրա կենդանիների` արջերի, առյուծների համար:
Նույն պահեստներում հայտնաբերվել են նաև 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին հանրապետության տարբեր մարզերից առաջնագծի զինծառայողներին ուղարկած բազմաթիվ ծանրոցներ` ուղեկցող նամակներով:
Մանվել Գրիգորյանը ձերբակալված է: