18/06/2018 02:31
Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը. Ավինյանի կոչը նախկին և ներկա պաշտոնյաներին
Անկախ այն զգացողություններից, որ առաջացնում են Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկության նկարահանումները, օրինականությունը այլընտրանք չի ունենալու, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Իսկ նախկին և, ինչու ոչ, ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ եմ անում համագործակցել նոր իշխանությունների հետ։ Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը», - նշել է նա։
Հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը նաև կասկածվում է բանակին, Արցախին ուղարկված օգնությունը յուրացնելու համար:
Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: