18/06/2018 11:43
Եթե այս ամենը հաստատվեց, խայտառակություն է և ամոթ. Արմեն Ռուստամյանը՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը գտնված իրերի մասին
Սա այն դեպքն է, որ մարդ իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատնից ԱԱԾ հայտնաբերածներին։
«Եթե ամեն ինչ այնպես է, ինչպես տեսանք, սա որևէ մեկնաբանության կարիք չունի։ Ես ավելի մեծ վտանգներ եմ տեսնում, որ ադրբեջանական համայնքը հրճվանքի մեջ է հայտնվելու ու փորձի ներկայացնել այնպես, որ ժամանակին նույն Մանվել Գրիգորյանը, 5-րդ բրիգանդը ղեկավարելով, ազատագրել է տարածքներ։ Հիմա պատկերացնո՞ւմ եք` իրենք ինչպես պետք է ներկայացնեն ազատագրիչին։ Ինչպե՞ս պետք փորձեն վարկաբեկել հերոսներին։ Այ սա է իմ ամենամեծ ցավը, որովհետև ես չեմ պատկերացնում, թե այս ամեն ինչպես պետք է կարողնանք մարսել։ Խայտառակություն է և ամոթ, եթե այս ամենը հաստատվեց», - նշեց նա։
Ռուտամյանը նշեց, որ իրենք փակ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել են բանակի սննդի ու հագուստի հետ կապված հարցեր:
«Գնացել ենք առաջնագիծ, տեսել ենք սնունդը, այդ սնունդը, բացում գցում էին շների դեմը, շները չէին ուտում: Էթիկետները բերել էինք ու այստեղ ներկայացրեցինք: Հարգելով այդ փակ հանդիպման կոնտեքստը՝ բոլոր մանրամասները չեմ ուզում ասել, առիթ ունեցել ենք խոսել, խոսքը գնացել է բանակում հագուստի, սննդի, այլ պայմանների մասին: Այս ամենը բարձրաձայնվել է, դրանից հետո փոփոխություններ մտան, բայց երբ այս ամենը տեսնում ես, մտածոմ ես, որ ճիշտ կլինի, որ այս ամենը տեղը դնելու գործընթացը իր վերջնական նպատակին հասնի», - ասաց նա։
Ռուստամյանը նաև նշեց, որ տարիներ շարունակ անձեռնմխելի անձինք անձեռմխելի տարածքներ են ստեղծել, որտեղ ոչ ոք չի կարողացել մուտք գործել, իսկ հիմա փոփոխություններ են կատարվել, որոնց համար նա ուրախ է։
«Այս փոփոխությունների համար ուրախ եմ, չի կարող որևէ մեկը թաքնվել ժողովրդից», - ասաց նա: