18/06/2018 15:50
ԵԿՄ-ում տրամադրված են արտահերթ համագումար անցկացնել՝ նոր ղեկավարություն ընտրելու համար
Երկրապահ կամավորականների միությունում, որի վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է և ամենայն հավանականությամբ նաև կկալանավորվի, տրամադրված են արտահերթ համագումար անցկացնել և ընտրել նոր նախագահ։
Երկրապահ կամավորականների միության մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանից Aysor.am-ը հետաքրքրվեց, թե կատարվել են արդյոք փոփոխություններ կառույցի ներսում, կա՞ լուծարման գործընթաց։ Ի պատասխան՝ ԵԿՄ ներկայացուցիչն ասաց, որ լուծարման գործընթաց չկա ու հավելեց.
«Ես այսօր խոսել եմ ԵԿՄ վարչության փոխնախագահի, ԵԿՄ մարզային խորհրդի նախագահի և ԵԿՄ տարածքային բաժանմունքի նախագահի ու ևս մի քանիսի հետ և նրանք, կարծես թե, ճիշտ են համարում ԵԿՄ արտահերթ համագումար նախաձեռնելը և նոր ղեկավարություն ընտրելը»։
Նրա խոսքով՝ ինքը չի կարող ներկայացնել ընդհանուր տրամադրվածությունը, բայց կան վարչության անդամներ, ովքեր ճիշտ են համարում արտահերթ համագումարի անցկացումը։
Փորձեցինք հստակեցնել կան արդյոք տարածքային կազմակերպություններ, որոնք անհամաձայնություն են հայտնել կենտրոնական վարչության հետ, Վարդանյանն ասաց, թե նման տեղեկատվության չի տիրապետում և որևէ բան չի կարող ասել։
Հարցին, թե իր համար անակնկա՞լ էր ԱԱԾ-ի բացահայտումը, Վարդանյանը պատասխանեց. «Մինչև հիմա չեմ ուզում հավատալ՝ ինչպե՞ս կարող էր նման բան լինել։ Եթե ես տեղյակ լինեի, որ նման բան կա, իհարկե, չէի աշխատի»։
Վարդանյանը նաև ասաց, որ ԵԿՄ վարչության նիստ կամ աշխատակազմի խորհրդակցություն չի եղել ու որևէ դիրքորոշում այս պահին կառույցը չի կարող հայտնել։