18/06/2018 11:20
Եթե պարզվի, որ ԱԱԾ-ի հրապարակածն իրականություն է, սրան արդարացում չկա. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)
Ցանկացած օրինախախտում մեզ համար դատապարտելի է, օրենքի առջև որևէ կրկնակի ստանդարտներ չպետք է լինեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ անցկացրած ստուգումներին։
«Ես բաց ճակատով ասում եմ՝ նրանք, ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող օրենքի ողջ խստությամբ պատժվեն։ Եթե պարզվի, որ սա ինչ-որ հրապարակել է ԱԱԾ-ն, իրականություն է, սրան արդարացում չկա», - նշեց նա՝ ավելացնելով, որ զինվորի հաց ուտողը դավաճան է:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ իր ու Վահրամ Բաղդասարյանի հանդիպմանը՝ Շարմազանովը նշեց, որ այդ ժամանակ Գրիգորյանը նշել է, որ հայտնաբերված զենքն իրեն չի պատկանում։
«Այդ ժամանակ Արցախյան պատերազմի մասնակցներին ուղարկած նամակների, «պայոկների» հետ կապված խնդիր չի եղել։ Արարքը կատարվել է ու այն արդեն դատապարտելի է։ Սա խայտառակությունն է, իսկ ում կողմից է կատարվել, երբ է կատարվել, ԱԱԾ-ն թող բացահայտի։
Նախաքննություն է գնում, թող իրավապահ մարմինները պարզեն։ Մենք պետք է հարգենք և՛ անմեղության կանխավարկածը, և՛ մյուս կողմի հայտարարություններն ու կարծիք արտահայտելու իրավունքը», - նշեց նա։