18/06/2018 11:57
Լը Պենը քննադատել է Ֆրանսիայի իշխանությունների՝ Aquarius նավից միգրանտների մի մասին ընդունելու մասին որոշումը
Ֆրանսիական «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը քննադատել է ֆրանսիական իշխանությունների՝ Վալենսիայում կայանած Aquarius նավից երկրի տարածք աֆրիկացի միգրանտների ընդունման մասին որոշումը: Այս մասին քաղաքական գործիչը կիրակի օրը հայտարարել է Europe1 ռադիոկայանի եթերում, փոխանցում է ТАСС-ը:
Ըստ նրա՝ այս քայլը կարող է ազդանշան դառնալ միգրանտների և նրանց ուղեկցորդների համար, ովքեր ապագայում անմիջապես կձգտեն Լիբիայից Ֆրանսիա հասնել: «Տեղի կունենա այն, որ հաջորդ անգամ նավերը ոչ թե Իտալիա կամ Իսպանիա կգնան, այլ՝ անմիջապես դեպի ֆրանսիական նավահանգիստներ: Եվ ի՞նչ կանի այդ ժամանակ ֆրանսիական կառավարությունը»,- նշել է նա:
Ըստ Լը Պենի՝ Ֆրանսիայի ղեկավարության միգրացիոն քաղաքականությունը նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ, չնայած նախկինում հայտարարված խստացմանը, իրականում միայն խրախուսում է միգրանտների ներհոսքը:
«Ֆրանսիան հայտարարել է, որ չի ցանկանում տեսնել, թե ինչպես են անօրինական միգրանտներն իջնում իր ափերին, սակայն այժմ մենք բանակցում ենք Իսպանիայի հետ՝ Aquarius-ից միգրանտների մի մասին վերցնելու համար: Էմանուել Մակրոնը միգրացիայի կողմնակից է: Դա ակնհայտ է իր հայտարարություններից, իր գաղափարախոսությունից, ընդունվող բյուջեներից»- հավելել է քաղաքական գործիչը: