18/06/2018 01:31
Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել։
«Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով», - Facebook-ի իր էջում գրել է Կ.Գրիգորյանը։
Վերջին օրերին Էջմիածնում զուգահեռ ակցիաներ էին իրականացվում՝ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով և նրան աջակցելու նպատակով։
Կարեն Գրիգորյանի հայրը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը նաև կասկածվում է բանակին, Արցախին ուղարկված օգնությունը յուրացնելու համար:
Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: