18/06/2018 17:07
Կենդանաբանական այգու մասնագետներն շտապում են Էջմիածին՝ Մանվել Գրիգորյանի կենդանիների հետևից
Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կարգադրությամբ Կենդանաբանական այգու մասնագիտական անձնակազմը, միանալով FPWC հիմնադրամի նախաձեռնությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ, ուղևորվում է Էջմիածին՝ կենդանիներին մասնագիտական հնարավոր բուժօգնություն ցուցաբերելու և դրանց՝ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու նպատակահարմարությունը պարզելու, Aysor.am-ին տեղեկացնում են Կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից։
Փոխքաղաքապետի հանձնարարականով Կենդանաբանական այգին իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ ապահովելու կենդանիների հետագա խնամքն ու կեցությունը Կենդանաբանական այգում:
Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգին, որի գործունեության կանոնադրական հիմնական նպատակներից է վայրի կենդանիների պահպանումը, հանձինս իր անձնակազմի, պատրաստակամություն է հայտնում աջակցել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում: