18/06/2018 15:21
Էդուարդ Շարմազանով. Կարծում եմ, պետք է հնարավորություն տալ իրավապահներին իրականացնել իրենց լիազորությունները
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի մասնակցի Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությոնից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստին:
«Այսօր երեկոյան ես աշխատանքային այցով մեկնում եմ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա: Սևծովյան խորհրդարանական վեհաժողովին տեղի է ունենալու Հայաստանի նախագահության ստանձնումը: ՀՀ ԱԺ-ն ստանձելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը, և ես՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, պետք է ներկայացնեմ Հայաստանը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հարցին՝ եթե մասնակցեր, ինչպես էր քվեարկելու, Է. Շարմազանովը պատասխանեց. «Իմ մոտեցումը չի փոխվել: Իմ տասնմեկամյա խորհրդարանական գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ իրավապահ մարմինները քննչական գործողություններն ավելի արդյունավետ իրականացնելու համար դիմել են Ազգային ժողովին, որ հնարավորություն տա իրավապահ մարմիններին ամբողջ ծավալով, առանց խոչընդոտների, իրականացնի գործողություններ ու ես միշտ կողմնակից եմ եղել այդ հնարավորությունը իրավապահ մարմիններին տալուն»:
Նա նշեց, որ իր այս քայլը ոչ թե անձի հետ է կապված, այլ՝ իրավապահ մարմիններին օժանդակելու անհրաժեշտությամբ:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ մինչ այս պահը ՀՀԿ-ում վաղվա քվեարկության հետ կապված քննարկում չի եղել:
«Կան հարցեր, որտեղ իշխանություն ու ընդդիմություն չկա, բայց խմբակցությունը ինչպես կքվեարկի, ինչ կանի, այս պահին որևէ քննարկում չի եղել», - ասաց նա: