18/06/2018 14:01
Բնապահպաններին կոչ եմ անում տեր կանգնել Մանվել Գրիգորյանի արջերին ու առյուծներին. էլ մսի պահածո չկա` սոված կմնան. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կոչ արեց բնապահպաններին զբաղվել պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատան ու հանգստյան գոտու տարածքում հայտնաբերված կենդանիներով:
«Բնապահպաններին կոչ եմ անում թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, որովհետև էլ մսի պահածո չկա, որ ուտեն, կարող է սովածանան», - ասաց Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք, որ Գրիգորյանի առանձնատանն ու հանգստյան գոտում ԱԱԾ խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք զինամթերք, «Զինվորի բաժին» մակնշմամբ բազմաթիվ մթերքներ` պահածոներ, խտացրած կաթ և այլն, որոնք տեղի աշխատակիցների խոսքով օգտագործվել են որպես կեր նրա կենդանիների` արջերի, առյուծների համար:
Նույն պահեստներում հայտնաբերվել են նաև 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին հանրապետության տարբեր մարզերից առաջնագծի զինծառայողներին ուղարկած բազմաթիվ ծանրոցներ` ուղեկցող նամակներով:
Մանվել Գրիգորյանը ձերբակալված է: