18/06/2018 02:21
Ցավ ու կսկիծ եմ ապրել յուրաքանչյուր մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի հետ. Աշոտյանի արձագանքը Մանվել Գրիգորյանի տան բացահայտումներին
ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի համար ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատան և հանգստյան գոտում կատարված խուզարկության մասին տեսանյութը, դրա հիման վրա կասկածանքն ու մեղադրանքը ցավ է պատճառել։
«ԱԱԾ֊ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։
Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն ի հայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։ Աստված պահապան Հայ զինվորին», - Facebook-ի իր էջում գրել է Ա.Աշոտյանը։
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը նաև կասկածվում է բանակին, Արցախին ուղարկված օգնությունը յուրացնելու համար:
Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: