19/06/2018 15:54
Եթե կոնկրետ հասցեավորեմ, կստացվի՝ ուզում եմ թիրախավորել. Փաշինյանը՝ «հակապետական քարոզչություն» և «մի' արեք, պարզապես մի' արեք» հեռուստաընկերություններին ուղղված կոչի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում անուններ հնչեցնել, թե հեռուստաընկերություններից որին էր ուղղված «հակապետական քարոզչություն» և «մի' արեք, պարզապես մի' արեք» կոչը։
«Կարծում եմ ուշադիր ընթերցողը կտեսներ, որ այսօր Հայաստանում խոսքի անսահմափանակ ազատութուն կա։ Ես հասկանում եմ, որ նախկինում ասվել է՝ ինչ ասեն, ինչպես ասեն համապատասխան մարմինների կողմից: Ես ընդամենը ուզում եմ, որ այսօրվա իրավիճակում նման երևույթ չօգտագործվի», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Վարչապետն ընդգծեց, թե չի ուզում կոնկրետ հասցեագրել իր ասածները։
«Որովհետև, եթե կոնկրետ հասցեավորեմ, կստացվի ուզում եմ թիրախավորել։ Ես ընդամենն ահազանգ, խնդրանք, կոչ եմ հնչեցնում», -նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ նախօրեին Փաշինյանն իր Facebook-յան իր էջում հետևյալ գրառումն էր արել. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։
Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»։
Փաշինյանի գրառմանն արձագանքել է Խոսքի ազատության պետական կոմիտեն՝ ընդգծելով, թե վարչապետի կոչը հեռուստաալիքներին կարող է գնահատվել որպես միջամտություն նրանց գործունեությանը։
«...ցանկացած իշխանություն պետք է առավել հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերի լրատվամիջոցների հրապարակումների և դրանցում տեղ գտած գնահատականների նկատմամբ։ Եվ այս առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործածած «հակապետական քարոզչություն» և «մի' արեք, պարզապես մի' արեք» կոչը կարող է գնահատվել որպես միջամտություն հեռուստաընկերությունների գործունեությանը կառավարության ղեկավարի կողմից։
Թերևս տեղին կլիներ, եթե վարչապետը մատնանշեր իր նկատի ունեցած հեռուստաընկերությունների հաղորդումներում էթիկական նորմերի բացահայտ խախտումները և դիմեր ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնին՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար։ Սա լավագույն նախադեպը կարող էր դառնալ մեր հեղափոխական երկրում ԶԼՄ-ներին վերաբերող վեճերը լուծելու համար։ Ասածս թող ընդունվի որպես առաջարկ՝ և' ներկա, և' նախկին իշխանություններին», - ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հայտարարությունում։