19/06/2018 12:53
Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ Արմեն Աշոտյանն ակնկալում է իրավապաշտպանների, ԱՄՆ և ԵՄ դեսպանների կարծիքը
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ երեկոյան վարչապետի արած գրառման ի պատասխան՝ ակնկալում է լրագրողական կազմակերպությունների, խոսքի և մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների և առանձին իրավապաշտպանների գնահատականը։
«Հետաքրքիր կլինի լսել նաև ԱՄՆ և ԵՄ դեսպանների կարծիքը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, հետևյալ գրառումն էր կատարել. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։
Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»։