19/06/2018 16:54
Անպատժելիությունն այլևս պատմություն է. ԶՈւ Գլխավոր շտաբի պետը հայտարարությամբ է հանդես եկել
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից.
«Անպատժելիությունն այլևս պատմություն է:
Մեր երկրում ձևավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումն է արդարության և օրինականության գերակայության ապահովումը, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը:
Վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններն անմասն չթողեցին նաև զինված ուժերը: Նմանօրինակ բացահայտումները ոչ միայն հասարակության շրջանում վստահության բարձրացման նախադրյալ հանդիսացան, այլև ազդակ՝ դրանց բացառման նպատակով սկզբունքային և հետևողական աշխատանքներ տանելու համար:
Վստահեցնում եմ, որ զինված ուժերը՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը, հետայսու ևս անշեղորեն կիրականացնի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթը՝ օպերատիվ արձագանքելով ու անհաշտ պայքար մղելով անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ, որում ակնկալում ենք նաև հասարակության գործուն աջակցությունը»,- ասված է ԳՇ պետի հայտարարությունում: