19/06/2018 17:30
Առաջարկվում է վերջին երեք տարվա թողարկման տարեթիվ ունեցող մեքենաների համար հարկային բեռը նվազեցնել 4 անգամ
Առաջարկվում է հնարավորություն տալ բանկերին առանց հարկային հետևանքների կարողանան ներել ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի տույժ-տուգանքները, որոնք անհուսալի են ճանաչվել մինչև մայիսի 31-ը եղած ժամանակահատվածը, ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Արտակ Պողոսյանը։
Միևնույն ժամանակ Պողոսյանն ընդգծեց, որ օրենսդրական կարգավորումների բացակայության պարագայում բանկերը, ներում հայտարարելով, կարող են որոշակի վնասներ ունենալ։
«Եթե բանկերը գործող կարգավորումներով ներեին մարդկանց տույժ-տուգանքները, նրանց մոտ կառաջանային հարկային պարտավորություններ, բայց հիմա ստեղծվում է այդպիսի հնարավորություն», - նկատեց նա։
Ներկայացնելով փոփոխությունները՝ Պողոսյանը նշեց, որ դրանցից մեկն այն մարդկանց համար է, ովքեր մեկ տարում երկու և ավելի միատեսակ գույք են օտարել և նրանց մոտ ձևավորվել է ԱԱՀ վճարելու պարտավորություն, իսկ հիմա առաջարկվում է հնարավորություն տալ օրենքն ընդունումից հետո 90 օրվա ընթացքում վճարել միայն հարկի մայր գումարը՝ ազատվելով կուտակված տույժերից ու տուգանքներից:
«Հնարավորություն է տրվում հանրային սննդի ոլորտում ներգրաված տնտեսվարողներին մինչև օգոստոսի 20-ը հարկային մարմին ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու մասին հայտարարություն, իսկ եթե դա չներկայացվի, ապա նրանք հայտնվելու են ԱԱՀ հարկի տակ ու գործելու են բարձր հարկային բեռի դաշտում», - ընդգծեց նա։
Օրենքի փոփոխություններից մեկն էլ առաջարկում է վերանայել մարդատար մեքենաների ներկրման դեպքում բնապահպանական հարկի բեռը վերանայել։
«Արդյունքում մինչև վերջին երեք տարվա թողարկման տարեթիվ ունեցող մեքենաների համար հարկային բեռը մոտ 4 անգամ նվազելու է: Մնացած մեքենաների գծով բնապահպանական հարկի բեռը կրկնակի քիչ կլինի, քան սահմանված է այսօր», - հավելեց նա։